«Հրապարակ»-ը գրել էր, որ անցած շաբաթ՝ դեկտեմբերի 4-ին, մայրաքաղաքի մոտ 300 հեղինակություններ հավաքվել են Էրեբունու «Արգիշտի» ռեստորանում։ Հավաքի նախաձեռնողը եղել է Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը, իսկ նպատակը պայմանավորվածություն ձեռք բերելն է եղել՝ համատեղ դիմագրավել առաջիկա մարտահրավերներին։ Մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, Էդուարդ Մադաթյանը եւ ուրիշներ։

Այդ հանդիպումից անցել է մոտ մեկ շաբաթ։ «Մենք տեղեկացանք, որ հինգշաբթի եւ ուրբաթ օրը ոստիկանության տարբեր բաժիններ, 6-րդ վարչություն, քրեական հետախուզություն են հրավիրվել հավաքի մոտ 50 մասնակիցներ, նրանց թվում՝ երրորդմասցի Լյովիկը, Զեյթունի Էդոն, Էրեբունու Արտյոմը, Նորքի մասիվի Հակը, Վահանն ու Ժիրոն, Արաբկիրից՝ Տուն, Կոմայգու Սեփիկը, Տրամվի պարկի Ղազարը, Անդրանիկ Մարգարյանի սանիկ Պիստ Արմենը եւ ուրիշներ։ Յուրաքանչյուրին 4-5 ժամ պահել են եւ հետաքրքրվել նշված հավաքով։ Բնականաբար, ոչ մի արձանագրություն չի կազմվել, եղել են բանավոր զրույցներ։ Ոմանց անգամ ուղիղ հարցեր են տվել՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գովքն եք արե՞լ, նախագահի դեմ ինչ-որ բան եք ծրագրե՞լ, Մհերի՞ն էիք փառաբանում։ Հեղինակությունները սա գնահատել են որպես իրենց «ախպերության» դեմ ուղղված քայլ եւ վստահ են, որ հավաքի մասնակիցներից ինչ-որ մեկը մտել է նախագահի մոտ եւ «մուտիտ» արել։ Ընդ որում, սա ավելի շատ հավանաբար ուղղված է Թոխմախի Մհերի դեմ։ Հիմա հեղինակությունները զբաղված են իրենց թշնամուն հայտնաբերելու գործով։ Իսկ թե ով կարող էր ուղիղ մտնել Սերժ Սարգսյանի մոտ՝ դժվար չէ կռահել»,-նկատում է թերթը։