Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիայում շուտով սկսվելու են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ ներքաղաքական խորհրդակցությունները: Դավութօղլուն նաեւ նշել է, թե արձանագրությունները նախ քննարկվելու են ընդդիմության հետ, այնուհետեւ ներկայացվելու են խորհրդարանի վավերացմանը:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգոծնախարարը նկատել է, որ Թուրքիան ուզում է լավ հարաբերություններ ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների հետ, միաժամանակ ասելով. «Մինչեւ Հայաստանի հետ սահմանի բացումը դեռ շատ ժամանակ կա»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները հանդես էին եկել մամուլի հաղորդագրությամբ, որի համաձայն Հայաստանի եւ Թուրքիայի Հանրապետությունները՝ Շվեյցարիայի միջնորդությամբ, համաձայնել են սկսել ներքաղաքական խորհրդակցություններ հրապարակված բանակցային երկու արձանագրությունների շուրջ։ Դրանք «Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններն են: