Ռուսաստանի մայրաքաղաքի ֆուտբոլային ակումբների երկրպագուները Մոսկվայում դեկտեմբերի 11-ին, ի հիշատակ «Սպարտակի» հանգուցյալ երկրպագու Եգոր Սվիրիդովի, ակցիա կկազմակերպեն։
«Ակցիայի իրավունք չի տրվել, սակայն ամեն դեպքում այն տեղի կունենա»,- «Ինտերֆաքսին» ասել է միջոցառման կազմակերպիչներից Վյաչեսլավ Բոյչենկոն։
Նրա խոսքով, ակցիային կմասնակցի մոտ չորս հազար մարդ, նրանց թվում՝ ազգայնականների առաջնորդներից Դմիտրի Դեմուշկինը։
Բոյչենկոյի խոսքով, ակցիան «կանցկացվի հավաքի ձեւով եւ դրանում չեն լինի ոչ դրոշներ, ոչ պլակատներ, ոչ քաղաքական գործիչներ եւ ոչ էլ ճառեր»: «Դա ռուս մարդկանց ակցիա է լինելու»,- ասել է Դեմուշկինը։
Ազգայնականների առաջնորդը քաղաքային իշխանություններին կոչ է արել լսել երկրպագուների կարծիքը։ «Նրանք հասկացնում են, որ եթե միգրացիոն քաղաքականության կարգուկանոն չմտցվի, ապա կարող է պայթյուն լինել, որը դժվար կլինի կանգնեցնել»,- ասել է նա։
Դեկտեմբերի 6-ին Մոսկվայի Գոլովինսկի շրջանում ծեծկռտուք էր ծագել հյուսիսկովկասցիների եւ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների միջեւ։ Ծեծկռտուքին մասնակցել էին 10 հոգի։ Հետաքննության տվյալներով, վիճաբանության ժամանակ Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության քաղաքացի Ասլան Չերկեսովը գազային ատրճանակից կրակել էր մոսկվացի Սվիրիդովի վրա։ Ստացած չորս վնասվածքների հետեւանքով նա տեղում մահացել էր։




























