«Երբ հարեւանի ընտանիքում վեճ է լինում, հաճելի չէ, որ խառնվես դրան»,- «Ժառանգության» վերջին օրերի ներկուսակցական խնդիրներին անդրադառնալով՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։ Չցանկանալով մանրամասնել ասածը՝ նա խորհուրդ տվեց հրավիրել «Ժառանգության» ներկայացուցիչներին եւ նրանց հղել հետաքրքրող հարցերը։ «Դրանք ներկուսակցական խնդիրներ են, որոնց այսօր գնահատական տալ, կարծում եմ ճիշտ չի լինի»,- եզրափակեց նա իր խոսքը։
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ է կայացել, որտեղ կուսակցությունից հեռացրել են Վարդան Խաչատրյանին, Զոյա Թադեւոսյանին եւ Մովսես Արիստակեսյանին: Վերջինս Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական մանդատից հրաժարվելու դեպքում շուտով դառնալու էր ԱԺ պատգամավոր: Այսօր կուսակցության մի շարք ակտիվիտներ, այդ թվում Մովսես Արիստակեսյանն ու Զոյա Թադեւոսյանը հավաքվել էին կուսակցության գրասենյակի մոտ, սակայն գրասենյակի դուռը փակ էր:




























