«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն առնվազն երկու ամիս կանցկացնի անզատության մեջ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր ժամը 17.00–ին բավարարեց ՀՔԾ հայցը՝ Նիկոլ Փաշինյանին երկու ամսով կալանքի տակ առնելու մասին եւ որոշեց որպես խափանման միջոց ընտրել կալանքը։ Համաձայն դատարանի վճռի` Նիկոլ Փաշինյանը կալանքի տակ է գտնվելու երկու ամիս` սկսած հուլիսի 1-ից:

Հիշեցնենք, որ կալանքի տակ վերցնելու դռնփակ նիստը հետաձգվել էր երեկ, եւ այսօր Փաշինյանի պաշտպանները փաստարկներ էին ներկայացրել իրենց պաշտպանյալին անհապաղ ազատ արձակելու պահանջով:

Նիկոլ Փաշինյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դատավոր Էդիկ Ավետիյանն անիմաստ եւ անբովանդակ որոշում էր հեղինակել: «Տաս էջ Հատուկ քննչականի գրածն էր, եւ երկու տող իր մեկնաբանությունը: Անբովանդակ եւ, բնականաբար, ապօրինի որոշում էր»,- դատավորի վճիռն այսպես մեկնաբանեց պաշտպանը եւ հավելեց, որ իրենք անպայման բողոքարկելու են վճիռը: