Բոսնիա-Թուրքիա ազգային հավաքականների խաղի ժամանակը մրցավարը դաշտից հեռացրեց Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Ֆաթիհ Թերիմին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler կայքէջ։
NEWS.am-ը հիշեցնում է, որ 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Բոսնիա-Թուրքիա խաղը երեկ ավարտվեց 1-1 հաշվով, որը ավելի դժվարացրեց Թուրքիայի հավաքականի դուրս գալը նախընտրական փուլից։ Թուրքիային մնում է երկու խաղ, որոնք պետք է անպայման հաղթի, որպեսզի հայտնվի իր ենթախմբի աղյուսակում երկրորդը եւ իր հերթին Բոսնիայի հավաքականը առնվազն չպետք է հաղթանակ տոնի մյուս հավաքականների հետ երկու հանդիպումներում։ Միայն այս պայմաններում Թուրքիան իրավունք կստանա մասնակցելու Հարավային Աֆրիկայում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Թուրքիան հոկտեմբերի 10-ին կհանդիպի Բելգիայի հավաքականի հետ, այնուհետ հոկտեմբերի 14-ին Թուրքիայի Բուրսա քաղաքում Հայաստանի հետ հանդիպումով կավարտի իր նախընտրական փուլի հանդիպումները։
Իր հերթին Հայաստանը երեկ երեկոյան տոնեց իր առաջին հաղթանակը աշխարհի առաջնության նախընտրական փուլում, հաղթելով Բելգիայի հավաքականին 2:1 հաշվով։ Այսպիսով 8 խաղում Հայաստանի հավաքականը խաղացել է մեկ ոչ ոքի, տարել մեկ հաղթանակ եւ 6 անգամ պարտություն կրել։ Հայաստանը 4 միավորով եզրափակում է ենթախմբի աղյուսակը։



















