Հայ ազգային կոնգրեսն ու գործող իշխանությունը հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան կարգավորման հարցերում տարբերություններ չունեն. տարբերությունները միայն նրբերանգների մեջ է: Այդ մասին Մամուլի ազգային ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ միաժամանակ նշելով, որ ՀԱԿ-ը ընդդիմադիր է ներքաղաքական հարցերով:

Անդրադառնալով օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին, ՆԺԿ առաջնորդը հարց է տալիս. «Իսկ ո՞րն է Հայաստանի շահը»: Ըստ Կարապետյանի՝ Հայաստանի իշխանությունները մտել են բարդ, վտանգավոր եւ Հայաստանի համար դաժան խաղի մեջ: Իսկ խաղը սկսել են Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները միասին: «Եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ է գաղտնի պահվում»,- հարց տվեց Կարապետյանը՝ հեգնելով. «Մի օր էլ կզարթնենք եւ կիմանանք, որ Հայաստանը Հոնդուրասի հետ պայմանագիր է ստորագրել Վենեսուելայի վրա հարձակվելու մասին»:

Արամ Կարապետյանը նաեւ նշեց, որ Սերժ Սարգսյանի պատճառով «Հայաստանը անհասկանալի եւ խճճված իրավիճակում է հայտնվել», որտեղ պարզ է բոլորի, այդ թվում գերտերությունների, եվրոպական կառույցների շահը, բացի Հայաստանից: