Ուզբեկստանի նախագահի ավագ դուստրը՝ Գյուլնարա Քարիմովան այդ երկրի ամենաատելի դեմքն է, հայտնել են ամերիկյան դիվանագետները իրենց հեռագրերում՝ հրապարակված Wikileaks կայքի կողմից:
Ամերիկյան դիվանագիտական նամակագրության հերթական չափաբաժինը նվիրված է Ուզբեկստանին, հատկապես նախագահի դստեր դերին:
Գյուլնարա Քարիմովան, օգտվելով հոր իշխանությունից, իր ձեռքն է վերցրել երկրի արժեքավոր բոլոր բիզնեսները: Ըստ փաստաթղթերի, նրան են պատկանում Zeromax բազմապրոֆիլ հոլդինգը, հանդես է գալիս որպես փոփ-երգչուհի, զբաղվում է ոսկերչական իրերի դիզայնով, նաեւ Տաշքենդի համալսարանի դասախոս է:
Ամերիկյան դիվանագետները մի դրվագ են ներկայացնում Քարիմովայի կյանքից: Քարիմովան մի օր այցելել է գիշերային ակումբ Porsche Cayenne-ով, օգտագործել է թանկարծեք ալկոհոլային խմիչքներ եւ պարել «ավազակի տեսքով» մեկի հետ:
Դիվանագետները Քարիմովային «քրեական բարոնուհի» եւ «առաջին դուստր» են անվանում:
Իսկ Ուզբեկստանը, ըստ ամերիկացիների, «մոլեգնող կոռուպցիայի» երկիր է:





























