Ուզբեկստանի մի քաղաքացու ծեծելու համար Մոսկվայում 6 մարդ է ձերբակալվել։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», տուժածը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով եւ քթի կոտրվածքով։
Հարձակումը կատարվել է դեկտեմբեր 11-ին՝ մետրոյի «Տրետյակովսկայա» կայարանում։ Այդ ժամանակ Մանեժնի հրապարակի զանգվածային անկարգությունների մասնակիցները ցրվելիս եւ մետրո իջնելիս են եղել։ Ավելի վաղ նշվում էր, որ ոչ սլավոնական արտաքինով մարդկանց վրա հարձակումներ են կատարվել նաեւ «Օխոտնի րյադ» կայարանում։
«Ինտերֆաքսի» աղբյուրի տվյալներով, ուզբեկի վրա հարձակվելու համար ձերբակալվել է 4 տղամարդ, եւ երկու կին՝ 18 եւ 19 տարեկան։ Մասնակցե՞լ են, արդյոք, նրանք Մանեժնի հրապարակի անկարգություններին, չի հաղորդվում։
Ավելի վաղ հայտնվում էր, որ անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 66 մարդ։ Անկարգությունների արդյունքում տուժել էր 32 մարդ, նրանցից վեցը շարունակում են հիվանդանոցում մնալ։ Հոսպիտալացվել էին դանակի հարվածներ ստացած երեք կովկասցիներ։




























