Կոսովոյի վարչապետ, Դեմոկրատական կուսակցության լիդեր Հաշիմ Տաչին հայտարարել է իր կուսակցության հաղթանակի մասին՝ 2008-ին Կոսովոյի անկախության հռչակումից հետո առաջին խորհրդարանական ընտրություններում, գրում է Gazeta.ru-ն:

Exit-polls-ի տվյալներով, նախօրեին այդ երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հաշիմ Տաչիի կուսակցությունը հավաքել է 32 տոկոս: Երկրորդ տեղում 25 տոկոսով Կոսովոյի ժողովրդավարական լիգան է, որը դեմոկրատների հետ կոալիցիայի կազմում էր:

Այնուհետեւ 16 տոկոսով նրանց հետեւում է «Ինքնորոշում» շարժումը, որը հանդես է գալիս Սերբիայի հետ երկխոսության դեմ եւ Կոսովոյում միջազգային ներկայության վերանայման օգտին:

Օրվա ընթացքում Կոսովոյում մի քանի աննշան միջադեպ են գրանցվել սերբ բնակչության բողոքների հետ կապված: Մանսավորապես, հաղորդվում է տեղի 2 բնակչի  կալանավորման մասին, որոնք 40 հոգուց բաղկացած խմբի հետ փորձել են խոչընդոտել տեղամասերից մեկուք քվեախցի տեղադրմանը:

Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցել է 29 կուսակցություն, որոնցից 9-ը՝ սերբական, որոնց համար 120 հոգանոց խորհրդարանում 10 տեղ է հատկացված: Չնայած Բելգրադի կոչերին, բոյկոտել այդ ընտրությունները, Կոսովոյում բնակվող շատ սերբեր մասնակցել են ընտրություններին, որպեսզի ձայն տան սերբական կուսակցություններին:

Կոսովոյի նոր կառավարությունը պետք է մոտ ժամանակներս բանակցություններ սկսի Սերբիայի իշխանությունների հետ՝ հարաբերությունները նորմալացնելու համար: Այս խնդրում մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում Եվրամիությունը: