«Եթե դու ծնում ես զավակ եւ նա քեզ համար թանկ է, որին եկել են գուրգուրելու շատ ազնիվ մարդիկ, որոնք քեզ հավատացել են, տապալել այդ հավատը, դավաճանել այդ մարդկանց, ես համարում եմ ոչ ճիշտ»,- այսօր մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցությունից երեկ հեռացված Զոյա Թադեւոսյանը՝ նկատելով. «Եթե նայեք Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի էվոլյուցիային, կտեսնեք, որ նա հրաժարվեց կուսակցության վարչության նախագահությունից, հետո խմբակցության ղեկավարի պաշտոնից, ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամությունից, հիմա էլ վայր դրեց իր պատգամավորական մանդատը»:

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ է կայացել, որտեղ կուսակցությունից հեռացրել են Վարդան Խաչատրյանին, Զոյա Թադեւոսյանին եւ Մովսես Արիստակեսյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը որեւէ կերպ չի արձագանքել տեղի ունեցածին:

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ Ր. Հովհաննիսյանը հրաժարվեց իր «Տեր եմ» կարգախոսից եւ տեր չկանգնեց իր կուսակցությանը, Զ. Թադեւոսյանը պատասխանեց. «Այո, արդեն կարելի է այդպես ասել»:

Իսկ ո՞րն էր պատճառը, որ կուսակցության վարչությունը նման որոշում կայացրեց, հարցին էլ արձագանքեց. «Ազատվել ազնիվ մարդկանցից, ընդունել որոշումներ, որոնք կարող են բխել իշխանության շահերից, սպասարկել այս իշխանություններին: Մեր կուսակցությունը չունի ֆինանսավորում, բացարձակ: Մենք հանձնարարել էինք մեր տարածքային մարմիններին, որ գոնե 100-ական դրամ հավաքեն, որպեսզի կուսակցությունը շնչի, իսկ հիմա կուսակցությունը կդրվի աճուրդի եւ ով շատ կտա, նա էլ կդառնա կուսակցության տերը»:

Նա վստահություն հայտնեց, որ «Ժառանգությունը» ոչ թե շատ ավելի իշխանամետ կդառնա, այլ միանշանակ իշխանամետ կդառնա: «Ձեզ թվում է, թե մնալու է ընդդիմության դաշտո՞ւմ: Արմեն Մարտիրոսյանի ոչ մի որոշումից, այդ թվում ԱԺ-ում գլխավոր դատախազի ընտրության ժամանակ, ընդդիմադիր լինելու հոտ անգամ չի գալիս: Ո՞ր ընդդիմադիր որոշումն է նա կայացրել: Նա եղել է Աջափնյակում „Աղվանի ճուտ“ մականունով մեկը»,- ասաց նա: