«Օրինաց երկիր» կուսակցությունը կողմնակից է հայ-թուրքական հարաբերությունների լավացմանը եւ ողջունում է սկսված գործընթացը: Այդ մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների եւ օգոստոսի 31-ին հրապարակված նախաստորագրված արձանագրությունների մասին։ Հարցին, թե արձանագրություններում անհանգստացնող չե՞ն Ղարաբաղի հիմնախնդրին կամ 1915-ի Ցեղասպանությանը վերաբերող հնարավոր տողատակերը, Հ. Բիշարյանը պատասխանեց, որ ամեն լավի մեջ պետք չէ վատը փնտրել։ Ավելին, նրա համոզմամբ, հայկական կողմը չպետք է վախենա արխիվները բացելու փաստից, որովհետեւ պարզից էլ պարզ է, որ «Ցեղասպանության հարցն անբեկանելի է եւ ոչ մի կերպ կասկածի տակ չի դրվում»։
Հայ-թուրքական հարաբերությունների լավացումը դիտարկելով տնտեսական տեսանկյունից՝ Հ. Բիշարյանը նշեց, որ դրանից երկու կողմերն էլ կշահեն, իսկ Հայաստանը՝ հատկապես, քանի որ Հայաստանի առջեւ կբացվեն թուրքական մեծ շուկայի դռները։ Նրա խոսքերով, երկու երկրների մարդիկ վաղուց են առաջ ընկել քաղաքականությունից եւ անկախ դիվանագիտական վիճակից՝ հաջողությամբ հարաբերվում են միմյանց հետ։
Հարցին, թե ինչու՞ է ՕԵԿ-ն իր դիրքորոշման մասին այսքան ուշ հայտարարում, խմբակցության ղեկավարն ասաց. «Իսկ ո՞վ է մեզ մինչ օրս հարցրել»։




























