Իրավունքների պաշտպանության առումով մարտահրավերներ կան Զինված ուժերում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով, զինծառայողների ազատություններն ու իրավունքները պետք է լինի Հայաստանում յուրաքանչյուր մարդու ուշադրության առարկան, իշխանության օղակներն ու քաղհասարակության ներկայացուցիչները պետք է իրենց հնարավորությունների սահմաններում ջանքեր գործադրեն՝ Հայաստանի զինված ուժերում իրավունքների պաշտպանության համակարգի իրապես արդյունավետ գործողության համար:

«Իրավունքների պաշտպանության առումով մարտահրավերներ կան նաև Զինված ուժերում, զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում: խոսքն օրինակ վերաբերում է  զինված ուժերում պաշտպանության մեխանիզմներ սահմանող ակտերի գործողությանը, դրանց գործնական լիարժեք կիրառությանը, այդ համակարգում իրավագիտակցության շարունակական բարձրացմանը»:

Թաթոյանն ընդգծեց, որ բանակում իրավունքների պաշտպանությունը չի լինի արդյունավետ առանց օրենսդրական պատշաճ կարգավորումների: Նրա խոսքով, իրենց  դիտարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ խնդիրների մեծ մասը պայմանավորված են օրենսդրական ոչ հստակ կարգավորումներով, իրավական ակտերի մեջ եղած հակասություններով: