Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am-ին հերքել է այն տեղեկությունը, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է սեպտեմբերի 8-12-ը Կռինիցեում ընթացող տնտեսական համաժողովին, որը նվիրված է Հարավային Կովկասին։
Ըստ ադրբեջանական AssA-Irada-ի, համաժողովի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը պետք է քննարկումներ ունենար ադրբեջանցի վերլուծաբան Վուղար Բայրոմոյի հետ, որի ընթացքում, իբր, պետք է քննարկվեին աշխարհաքաղաքական տեսանկյունից Հարավային Կովկասի զարգացման հարցերը, մասնավորապես, տարածաշրջանի վրա այնպիսի հիմնական դերակատարների ազդեցությունը, ինչպիսին են ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Եվրոպան։ Համաժողովի մասնակիցների թվում է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, արտաքին քաղաքականության հարցերով Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Ակակի Մինաշվիլին, Պետդումայի գլխավոր իրավաբան Ադալբի Շխագոշեւն ու Կենտրոնական Ասիայի ու Կասպից ավազանի հարցերով ԱՄՆ առաջատար փորձագետ Մարթա Բրիլ Օլքոտը։




























