Ազգային ժողովը ցրելու համար, համաձայն Սահմանադրության, հիմքեր են անհրաժեշտ, որոնք այս պահի դրությամբ գոյություն չունեն: Այս մասին դեկտեմբերի 13-ին լրագրողներրի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները, թե Հայաստանի նախագահը պատրաստվում է ցրել խորհրդարանը: «Բացառվում է նման բան»,-կտրուկ արձագանքեց Պետրոսյանը եւ հավելեց. «Խորհրդարանը չի մատնվել անգործության, ձախողումներ չկան օրենքների ընդունման հարցում: Ընդհակառակը ինտենսիվացել են, եւ նախորդ խորհրդարանի հետ համեմատ, գրեթե կրկնակի է դարձել ընդունված օրենքների թիվը»:

Սրան արձագանքեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն ասելով. «Դուք ցանկանում եք մեր երկրում խոսել օրենքի տեսակետի՞ց: Պարոն Պետրոսյան, հենց պետք լինի, վաղն էլ խորհրդարանը կցրվի, էդպես վստահ մի ասեք: Միանշանակ, Սերժ Սարգսյանի ցանկությունը ձեզ համար հիմք է, եթե ասի պարեք ՝ կպարեք, եթե ասի երգեք՝ կերգեք»: «Էդ ձեզ է թվում», -արձագանքեց Հանրապետական պատգամավորը:

Ասուլիսի ընթացքում խոսք գնաց նաեւ հաջորդ խորհրդարանի կազմի մասին: Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի՝ ՀՀԿ-ն ունենալու է 60 տոկոս ձայն, իսկ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» մոտ 15 տոկոս: