Վրաստանի ԱԳՆ-ն Շվեյցարիայի դեսպանատան միջոցով Ռուսաստանին բողոքի նոտա է ուղարկել: Վրաստանի դժգոհությունը պայմանավորված է եղել Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայում «Սմերչ» մարտատեխնիկայի տեղադրմամբ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
Վրացական կողմը սա դիտարկել է որպես «կովկասյան տարածաշրջանում խաղաղության սպառնալիք»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 6-ին Ռուսաստանը տեղեկություններ է տարածել այն մասին, որ ռուսական զինտեխնիկան տեղադրում են Ցխենվալիում` Վրաստանի կողմից հնարավոր ագրեսիայի դրսեւորումները կանխարգելելու նպատակով:
«Սմերչ» տեսակի զենքի նվազագույն հեռահար հարվածի երկարությունը 20 կիլոմետր է` առավելագույնը` 70 կմ: Մեկ հարվածի ոչնչացման տարածությունը կազմում է 70 հա:
Հիշեցնենք, որ Հարավային Օսիան հանդիսանում է Ռուսաստանի 4-րդ զինվորական հենակետը:





























