ԲՀԿ-ն Երեւանի քաղաքապետի ընտրությունում սեփական թեկնածու չի առաջադրի, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը: Առայժմ չկա նաեւ հանրապետական թեկնածուին պաշտպանելու որոշում:
«Մեր դիրքորոշումը կհստակեցվի, երբ ՀՀԿ-ն ներկայացնի քաղաքապետի թեկնածուին: Դրանից հետո Երեւանի Ավագանիում ԲՀԿ խմբակցությունը նիստ կհրավիրի եւ կհայտնի իր դիրքորոշումը», - նշեց Գալստյանը:
Նշենք, որ ՀՀԿ-ն Երեւանի ավագանիում ունի բացարձակ մեծամասնություն` 34 պատգամավոր: Նոր քաղաքապետ ընտրելու համար հանրապետականներին ուրիշների ձայներ պետք չեն լինի: Երեւանի քաղաքապետի ընտրության հարցով նիստը նշանակված է դեկտեմբերի 17-ին:
Այժմ շրջանառվում են երեք թեկնածուների անուններ. առաջին փոխքաղաքապետ Տարոն Մարգարյան, «ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյան եւ Ավագանիում հանրապետական խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյան: Սակայն բարձրաստիճան հանրապետականները նշում են, որ ամենաընդունելի թեկնածուն Տարոն Մարգարյանն է:




























