Հին Եգիպտոսի ամենահայտնի հուշարձաններից մեկի՝ Աբու-Սիմբել տաճարի վերանորոգումը՝ նվիրված բացման 200-ամյակին, եգիպտական իշխանություններին արժեցել է 25 մլն ֆունտ (ավելի քան 1,4 մլն դոլար), գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով եգիպտական «Յոյմ7» կայքը։

Աբու-Սիմբելի հուշարձանների վարչության ղեկավար Հուսամ Աբուդի փոխանցմամբ, իշխանությունները վերանորոգել են տաճարի ճակատային մասը, նաեւ քաղաքի գլխավոր փողոցները։

Աբու-Սիմբել հնագիտական համալիրը գտնվումէ  Ասուանից հարավ եւ ներառում է երկու տաճարներ՝ մեծ ու փոքր, որոնք նվիրված են Ամոն, Ռա-Խորախթի, Պտահ եւ Հաթհոր աստվածներին։ Տաճարները կառուցվել են մոտ 3,3 հազար տարի առաջ՝ ի պատիվ փարավոն Ռամզեսի եւ նրա կնոջ՝ Նեֆերտարիի։ Տաճարները երկար ժամանակ հողի շերտի տակ են եղել, եւ 1817 թ. իտալացի հետազոտող Ջովանի Բելցոնին առաջին անգամ կարողացել էր մուտք գործել համալիրի տարածք։