«Օրինաց երկիր» կուսակցությունը դեռ չգիտի, թե ովքեր էին մտադիր մահափորձ կազմակերպել կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի դեմ 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Արթուր Բաղդասարյանն այն ժամանակ հայտարարել էր, թե իշխանություններն իր դեմ մահափորձ են ուզում կազմակերպել:

Սեպտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հնչած այն հարցին, թե ի՞նչ փուլում է դեռ 2008թ. ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու գործով քննությունը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է, թե «ավելի լավ է գործի մանրամասները համապատասխան մարմիններից ճշտել»։ «Միայն կարող եմ ասել, որ այդ պահին իմ կողքին կային լրագրողներ, ովքեր կփաստեն կատարվածը։ Բայց թե ի՞նչ փուլում է գործը, ովքե՞ր են կասկածյալները, չգիտեմ»,- ասել է Բիշարյանը։

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 3-ի հանրահավաքին՝ Երեւանում Արթուր Բաղդասարյանը հայտաարարեց, թե իրեն սպառնացել են սպանել: Բաղդասարյանը նաեւ նշել էր, թե ողջ պատասխանատվությունն ընկնում է գործող իշխանությունների վրա: Սակայն որոշ ժամանակ անց Հայաստանի Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ Արթուր Բաղդասարյանը որեւէ հիմնավոր փաստ չի ներկայացրել իր վրա պատրաստվող մահափորձի կապակցությամբ: