ՀՀ արդարադատության այլեւս նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունից հետո ներքաղաքական կուլիսներում քննարկվում է այն հարցը, թե արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թույլ կտա՞ ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին շարունակել պաշտոնավարությունը: Ըստ որոշ աղբյուրների՝ այս շաբաթվա ընթացքում, այնուամենայնիվ, Մ.Պողոսյանը կհեռացվի աշխատանքից: Թերթը հիշեցնում է, որ նա, ինչպես ՀՀ կառավարության նիստում նշել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, էթիկայի կանոնների լուրջ խախտում է թույլ տվել ԴԱՀԿ ծառայության գնդապետ Ռուբեն Միրաքյանի նկատմամբ: Իսկ Միրաքյանը, ինչպես հայտնի է, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի ազգականն է, ում ծեծելուց հետո Պողոսյանը նրան աշխատանքից ազատել էր նոյեմբերի 3-ին: Վերջերս, սակայն, Միրաքյանը վերականգնվել է նույն պաշտոնում, չնայած նրան, որ առաջիկայում նա անցնելու է թոշակի:
Թերթի տեղեկություններով, Դ. Հարությունյանն այժմ ձգտում է, որպեսզի ՀՀ արդարադատության նախարարի նախկին իր պաշտոնին վերադառնա կամ ինքը, կամ էլ՝ նոր նախարար նշանակվի ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը՝ իր ընկերոջ՝ Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի որդին:




























