«Երեւանում հոկտեմբերի 3-6-ը առաջին անգամ տեղի կունենա REAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնը»,- այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։

Ըստ REAnimania կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արծվի Բախչինյանի՝ կինոփառատոնին մասնակցելու են 36 երկրներ։

«Ստացած 250 ֆիլմերից՝ մրցույթին մասնակցելու են 100-125-ը, որոնցից ընտրվելու են լավագույն կարճամետրաժ, լիամետրաժ, ավարտական, հեռուստատեսային եւ կրթական ֆիլմերը։ Կներկայացվեն նաեւ վերջին տարիներին ստեղծված չորս լիամետրաժ ֆիլմերի պրեմիերաներ։ Այս չորս օրերի ընթացքում Երեւանում այնքան շատ լավ անիմացիոն ֆիլմեր կցուցադրվեն, որ ամբողջ տարվա ընթացքում չի ցուցադրվել»,- նշեց նա։

REAnimania կինոփառատոնի ծրագրի մեջ կարեւոր բլոկ են կազմում նաեւ հետահայաց ցուցադրությունները, որտեղ տեղ կգտնեն տարբեր երկրների կինոգործիչների ֆիլմերը։ Ներկայացվելու են գերմանական անիմացիայի 100-ամյակին նվիրված, ինչպես նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող իտալացի անիմատոր Բրունո Բոցետտոյի ստեղծագործական նվաճումները նշանավորող ծրագրերը։

«Մենք փառատոնի շրջանակներում ներկայացնելու ենք համաշխարհային անիմացիայի լավագույն նմուշները՝ սկսած 1960-ականներից մինչեւ մեր օրերը։ Կկազմակերպվի նաեւ հայկական անիմացիոն ֆիլմերի հետահայաց ցուցադրություն՝ նվիրված առաջին հայկական անիմացիոն „Շունն ու կատուն“ ֆիլմի էկրան բարձրանալու 70 ամյակին»,- հայտարարեց Արծվի Բախչինյանը։

Նշենք, որ REAnimania կինոփառատոնի ծրագրի մեջ Ֆիլմերի ցուցադրությունից բացի կազմակերպվելու են նաեւ անիմացիայի պրոդյուսերության վերաբերյալ սեմինարներ եւ հայ անիմացիոն արվեստին նվիրված ցուցահանդեսներ։

REAnimania կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Լուսինե Քասարջյանի խոսքերով՝ փառատոնը ունի նաեւ մանկական ծրագիր, որտեղ առաջին անգամ հանդիսատեսը ֆիլմերը դիտելուց հետո կկարողանա տեսնել տվյալ ֆիլմի նախապատրաստական էքսքիզները, եւ կհանդիպի այդ ֆիլմարվեստի ներկայացուցիչների հետ։

«Ծրագիրը բաղկացած է ցուցադրություններից եւ ցուցահանդեսներից։ Փորձում ենք երեխաների համար ստեղծել իսկապես փառատոնային միջավայր, ծրագիրը կլինի ուսուցողական եւ զվարճալի», — ասաց նա։

Ի դեպ, ReAnimania երեւանյան առաջին անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում կկազմակերպվի MARANI համաժողովը, որի նպատակն է նպաստել տարբեր խմբերի համագործակցությանը։

«Այս ծրագրի շրջանակում իրար կհանդիպեն միջազգային եւ տեղական անիմացիոն կազմակերպությունների անդամներ, անիմատորներ, պրոդյուսերներ։ Ֆորումի մասնակիցները հնարավորություն կունենան ներկայանալ տարածաշրջանում առաջատար անիմատորներին»,- եզրափակեց ծրագրի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։