Այսօր լեզվի մասին նոր օրենքի անհրաժեշտություն կա: Դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեզվի տեսչության  պետ Սերգո Երիցյանն ասաց, որ

«Լեզվի օրենսդրական անկատարությունը եկել հասել է այսօր այնպիսի չափերի, որ նախկին օրենքը չի կարող դրա դեմն առնել: Այսօր նոր օրենք է պետք: Այս տարվա մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ առնվազն Երեւան քաղաքում ահավոր չափերի են հասել լեզվական խախտումները եւ դրանք ակնառու են ամեն քայլափոխի»,-նշեց նա:

Սերգո Երիցյանն ասաց, որ դրա վերաբերյալ իրենք օրենսդրական նախաձեռնություն են ներկայացել կառավարություն: Նա հույս հայտնեց, որ այդ օրենքի առկայությունը հնարավորություն կտա խուսափել հրապարակային գրվածքների սխալներից:

Լեզվի պետական տեսչությունն այս տարի լեզվական խախտումների հետ կապված ընդամենը մեկ դատական գործ է ունեցել:

«Ինչո՞ւ  դատական մեկ գործ, որովհետեւ կա դատական վճռի նախատիպ, երբ որ դու ելնելով արդեն կայացված վճռից այլեւս չես դիմում դատարան»,-նշեց Երիցյանը:

Նա հավելեց, որ լեզվական խախտումների համար տուգանքը սկսում է 50 հազար դրամից եւ հասնում 150 հազար դրամի: Սերգո Երիցյանի խոսքով, իրենք ուզում են ավելացնել տուգանքի չափը `250 հազար դրամից մինչեւ 500 հազար դրամի: