«Այաս» ծովային հետազոտությունների ակումբը մտադիր է Ծովային հետազոտությունների թանգարան հիմնել Երեւանում, որի համար անհրաժեշտ ցուցանմուշներն առկա են` հայկական հնագույն նավերի մոդելներ, ծովագնացության պատմական քարտեզներ, հնագիտական գտածոներ, պատմական Հայաստանի ծովային ուղիների մասին տեղեկատվական նյութեր, մեկ նավ եւ 2 առագաստանավ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանն ասաց, որ թանգարան հիմնելու գաղափարն եղել է ակումբի հիմնադրման օրից` դեռ 25 տարի առաջ: Մեկ առ մեկ հայթայթել են ցուցանմուշներ, այլ նմուշներ ստանալու բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր թանգարանների հետ: Սակայն, ըստ նրա, ինչպես միշտ, ներկայումս եւս ծովային հետազոտությունների թանգարան հիմնելուն խանգարում է միայն մի բան. «Մենք ունենք պետական աջակցության ու հովանավորների խնդիր: Թանգարանի համար հարկավոր է միայն 3000 քմ տարածքով մասնաշենք, ինչն էլ նյութական միջոցների հետ է կապված, որոնք մենք չունենք».-մանրամասնեց Կ. Բալայանը:
Նրա խոսքով` «Այաս»-ը թանգարան հիմնելու նախագծին աջակցելու խնդրանքով դիմել է եւ քաղաքապետարան, եւ կառավարություն. պատասխանը միշտ նույնն է եղել` ֆինանսական ճգնաժամը թույլ չի տալիս հատկացումներ անել:
«Մեզ համար ցավալի է, որ նման հավաքածուն պահեստ հիշեցնող վայրում է գտնվում, մինչդեռ շատ ծրագրեր ունենք` այդ թվում թանգարանում նավաշինության կենտրոն հիմնելու»,-նշեց Կ. Բալայանը` հավելելով, որ այն երիտասարդների ու դպրոցականների համար կծառայեր որպես պատմությանը հաղորդակից լինելու ու արհեստներ սովորելու ինքնատիպ կենտրոն:





























