Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումներն ու սահմանափակումները երկրաչափական պրոգրեսիայի սկզբունքով գնալով ավելանում են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 14-ին հայտնեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Նա խախտումները դասակարգեց չորս խմբում, նշելով, որ Փաշինյանի դեմ հարուցված վարչական վարույթներով Հայաստանի ազգային դատարաններում մի շարք գործեր են գտնվում: «Այդ գործերով Փաշինյանին պետք է իրավաբանական խորհրդատվություն, առնվազն նա պետք է հնարավորություն ունենա հանդիպել իր ներկայացուցիչների հետ քննարկել գործերի հանգամանքները, եւ բազում այլ գործողություններ անել: Սակայն նա փաստացի զրկված է այս իրավունքից: Այսինքն, կատարվում է իմիտացիա՝ փաստաբանների հետ նրա հանդիպման ժամանակ ներկա են լինում նաեւ ՔԿՀ-ի ներկայացուցիչները»,-հավաստիացրեց փաստաբանը՝ միաժամանակ հավելելով, որ նման պրակտիկա կիրառվել է թե՜ «Կոշ», թե՜ «Արթիկ» ՔԿՀ-ներում, ուր պահվել եւ պահվում է Փաշինյանը:
Վահե Գրիգորյանը նշեց նաեւ, որ Փաշինյանը զրկված է նաեւ ՄԻԵԴ ներկայացված դիմումի հետ կապված իր փաստաբանին հանդիպելու հնարավորությունից: «Սա տեղի է ունեցել շարունակաբար, ինչի մասին մենք նոր ենք սկսել բարձրաձայնել»,-նշեց փաստաբանը, հավելելով, որ այսկերպ փորձ է արվում զրկել Փաշինյանին ՄԻԵԴ-ում գործը արդյունավետ ներկայացնելու հնարավորությունից:
Ամենակարեւոր խախտումների խումբը կապված է Փաշինյանի լրագրողական գործունեության հետ: Փաստաբանի հավաստմամբ՝ երբ Փաշինյանը հեռախոսով կապ է հաստատում արտաքին աշխարհի հետ, նրա հեռախոսազրույցը ոչ թե գաղտնալսվում է, այլ բացեիբաց լսվում է՝ խոսակցությունը տեղի է ունենում ՔԿՀ-ի աշխատակիցների ներկայությամբ: Բացի այդ, ամեն օր ՔԿՀ-ի համապատասխան աշխատակցին տրամադրվում է ծրար, որում «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի հոդվածներն են: «Ծրարները նրա ձեռքից փաստացի ընդունվում են, եւ չեն ուղարկվում հասցեատիրոջը: Ընդ որում՝ ծրարների վրա նշված է լինում հասցեն, նույնիսկ նամականիշեր: Խնդիրն այն է, որ ՔԿՀ-ն չի ուղարկում ըստ հասցեի»,-նկատեց փաստաբանը: Նա նաեւ հիշեցրեց «Արթիկ» ՔԿՀ-ի պետ Վ. Սարգսյանի՝ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցը, որտեղ նա նշում է, թե ոչ մի ծրար էլ չի ստանում Փաշինյանից: «Դա բացարձակ սուտ է եւ ամոթալի է, որ բարձրաստիճան սպայի կարգավիճակում գտնվող անձը կարող է նման սուտ խոսել»,-հայտարարեց Գրիգորյանը:
Խախտումների ցանկում փաստաբանը նշեց նաեւ գրելու իրավունքից զրկելը: Երբ նա դեռեւս «Կոշ» ՔԿՀ-ում Փաշինյանի հետ առանձնատեսակցության ժամանակ սկսել է թղթի վրա գրի առնել ՄԻԵԴ-ում ներկայացված գործի հետ կապված որոշ տեղեկություններ, տեսակցությունը դադարեցվել է եւ որպես հիմք նշվել է գրելու հանգամանքը: «Փաշինյանին բառացիորեն արգելվել է նաեւ խցում որեւէ բան գրել, անկախ այն բանից, թե ինչ է գրում»,-նկատեց Փաստաբանը:
Խախտումների ցանկում փաստաբանը նշեց նաեւ կարճատեւ տեսակցությունների սահմանափակումները: Պարզվում է՝ փաստաբանի հետ հանդիպումները ՔԿՀ-ն հաշվում է որպես հարազատների հետ տեսակցություն, այն դեպքում, երբ օրնեսդրությամբ փաստաբանը կարող է թվաքանակի առումով անսահմանափակ հանդիպումներ ունենալ իր պաշտպանյալի հետ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինայնը «Կոշ» ՔԿՀ-ից «Արթիկ» ՔԿՀ-է տեղափոխվել նոյեմբերի 30-ին:





























