Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը մեղադրվում է Ռուսաստանի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինից կաշառք ստանալու մեջ: Այդ մասին հայտարարել է Մոնակոյի հետախուզական ծառայության հիմնադիր, իշխանի անվտանգության նախկին խորհրդական Ռոբերտ Էրինջերը: Independent-ը գրում է, որ Ալբեր Երկրորդը, որը Միջազգային Օլիմպիական կոմիտեի անդամ է, 2014թ. ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրությունից առաջ Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից կաշառվել է իր ձայնը Սոչիի օգտին տալու համար:

Էրինջերը բողոք է ուղարկել ՄՕԿ, իսկ տեքստը հրապարակել է իր բլոգում: Էրինջերի կարծիքով, Ալբեր Երկրորդը խախտել է ՄՕԿ-ի էթիկայի կանոնները` այլ երկրի ղեկավարից ընդունելով նվերներ եւ ծառայություններ, մասնավորապես, Մոնակոյի լեռներում ռուսաստանցի բանվորները ռուսական ոճով առանձնատուն են կառուցել իշխանի համար: Իսկ Սոչիի հաղթանակից հետո Ալբերը եղել է Պուտինի հյուրը:

Էրինջերը նշում է, որ իշխանը սերտ բարեկամական հարաբերություններ ունի նաեւ Պուտինի ընկեր, սենատոր Սերգեյ Պուգաչեւի հետ, որը հայտնի է որպես Կրեմլի բանկիր: Էրինջերը որպես Մոնակոյի հետախուզական ծառայության հիմնադիր ու ղեկավար փորձել է խանգարել ռուս քաղաքական գործիչների, բիզնեսի եւ կրիմինալի ներկայացուցիչների  ներթափանցումը իշխանի բարեկամների նեղ շրջանակ, սակայն 2008-ին պաշտոնանկ է արվել: Էրինջերն իր պաշտոնանկությունը համարում է անօրինական եւ ԱՄՆ-ում դատի է տվել իշխանին: Քանի որ դատական քննությունը դեռ չի ավարտվել իշխանի պալատում եւ ՄՕԿ-ում առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանել մեղադրանքները: