«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խմբագրականների տպագրմանը խոչընդոտելը քայլ է «Հայկական ժամանակ»-ի դեմ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթը հրատարակող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն, Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:
«Քաղաքական առումով կարելի է հստակ պնդել, ենթադրել, որ ՔԿՀ վարչության պետն է կանգնած սրա հետեւում, իր վերեւում կանգնած է Արդարադատության նախարարը, նրա վերեւում կանգնած է նախագահի համապատասխան խորհրդականը, իր վերեւում կանգնած է Սերժ Սարգսյանը: Ես արդեն կարող եմ կանխորոշել այն սցենարը, որով կգնան դիմումները: Ինչ-որ անորոշ տրամաբանությունից զուրկ պատասխաններ կտան, եւ գործը կմտնի դատարան, դատարանով չի սահմանափակվի եւ գործը կհասնի Եվրոպական դատարան»,- ասաց Աննա Հակոբյանը: Նա նշեց նաեւ, որ Սերժ Սարգսյանի եւ իր ռեժիմի օղակների դիմաց կանգնած է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլեւ ամբողջ Հայաստանի, ինչպես նաեւ միջազգային հանրությունը, որոնք բազմաթիվ դատապարտող հայտարարություններ են արել:
«Այս բոլորի դիմաց կանգնած է ինչ-որ քրեակատարողական վարչության պետ, որը լինելով սահմանափակ ընդունակությունների տեր, լինելով ռեժիմի հանցագործ ներկայացուցիչներից մեկը, ով պատասխպանատու է մարտի 1-ի սպանդի համար, փորձում է մինչեւ այսօր հայտարարել, որ նման բան տեղի չի ունեցել: Սա ծիծաղելի է, եւ պետք է սպասել, թե ինչպես կավարտվի այս հակամարտությունը»,-նկատեց Հակոբյանը: Նրա եւ Փաշինյանի՝ օրենքով սահմանված հաջորդ կարճատեւ հանդիպումը տեղի կունենա միայն 2011 թվականի հունվարին: Աննա Հակոբյանը հավաստեց, որ մինչ այս ամուսնու հետ հանդիպումներն անցել են ՔԿՀ-ի աշխատակիցների ներկայությամբ, ինչն օրենքով արգելվում է:





























