Թուրքիայի Աքդենիզի համալսարանում 19-ամյա ուսանողուհին, ի նշան բողոքի, ձվով հարվածել է «Յաշար հոլդինգ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Իդիլ Յիղիթբաշի ուղղությամբ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անթալիայի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ Աքդենիզի համալսարանի կազմակերպած կոնֆերանսի ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել, երբ ամբիոնից ելույթ է ունեցել «Յաշար հոլդինգ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Իդիլ Յիղիթբաշ։
Աքդենիզի համալասարանի մանկավարժության ֆակուլտետի ուսանողուհիներից 19-ամյա Հիլալ Թոփչուն հարց է բարձրացրել, թե ինչո՞ւ է համալսարանում գիտելիքի փոխարեն կապիտալ բերվում եւ ձվով հարվածել թուրք գործարարին։ Անվտանգության աշխատակիցները դահլիճից հեռացրել են ուսանողուհուն, ով հեռանալիս բղավել է. «Գիտելիք ենք ուզում, ոչ թե կապիտալ»:




























