Սույն թվականի սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցության նիստ, որը քննարկեց խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հրաժարականի դիմումը եւ բավարարեց այն: Արմեն Մարտիրոսյանն առաջարկեց խմբակցության ղեկավարի պաշտոնում ընտրել Ստեփան Սաֆարյանին, ով այդ պաշտոնում ընտրվեց միաձայն եւ, համաձայն կուսակցության կանոնադրության, դարձավ կուսակցության 10-րդ վարչության անդամը:

Հետո կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը հրավիրեց վարչության հերթական նիստ, որին մասնակցեցին վարչության 10 անդամներից 7-ը: Մյուս երեք անդամները տեղեկացված էին եղել նիստի մասին, սակայն անհարգելի պատճառներով չէին ներկայացել:

Ա. Բախշյանը բավարարելով կուսակցության վարչության չներկայացած երեք անդամների մինչ այդ հնչեցրած պահանջը՝ իրեն անվստահություն հայտնելու կապակցությամբ, քվեարկության դրեց իր վստահության հարցը, որի արդյունքում վարչությունը հաստատեց Անահիտ Բախշյանի վստահության մանդատը:

Քննարկվեց նաեւ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանի «քայքայիչ գործունեությունը կուսակցության ներսում, կուսակցության ղեկավար մարմնի` վարչության բնականոն գործունեությունը սաբոտաժի ենթարկելու արատավոր գործելաոճը, կուսակցության անդամների հասցեին հերյուրանքներ տարածելու, „Ժառանգություն“ կուսակցությանը վարկաբեկելու նրա ջանքերը»: Վարչությունը որոշեց հեռացնել Մովսես Արիստակեսյանին «Ժառանգություն» կուսակցության շարքերից:

Վարչությունը անբավարար գնահատեց նաեւ Վարդան Խաչատրյանի գործունեությունը` վարչության քաղաքական քարտուղարի պաշտոնում: «Վարչությունը քննարկեց նաեւ Վ. Խաչատրյանի գործողությունները` կապված կուսակցությունը պառակտելու փորձերի, այլ կուսակցությունների ձեւավորմանն անձամբ եւ առանց կուսակցության լիազորման մասնակցելու եւ այդ գործընթացին „Ժառանգության“ այլ անդամներին մասնակից դարձնելու փորձերի, ներկուսակցական կարգապահությունը մշտապես եւ միտումնավոր խախտելու, կուսակցության ղեկավար մարմնի` վարչության բնականոն գործունեությունը սաբոտաժի ենթարկելու արատավոր գործելաոճի, առանց կուսակցության լիազորման եւ կուսակցության անունից այլ քաղաքական ուժերի ղեկավար մարմինների նիստերին մասնակցելու, նրանց ղեկավար անձանց հետ միանձնյա բանակցություններ վարելու մեջ»: Վարչությունը միաձայն որոշեց հեռացնել Վարդան Խաչատրյանին «Ժառանգություն» կուսակցության շարքերից:

Նույն բախտին արժանացավ նաեւ կուսակցության վարչության անդամ, ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանը: «Վարչությունը անբավարար գնահատեց Զոյա Թադեւոսյանի աշխատանքը իր զբաղեցրած պաշտոնում, մասնավորապես` ընտրական հանձնաժողովներում „Ժառանգություն“ կուսակցության տեղերով հանձնաժողովների նոր անդամների լիցենզավորման եւ վերապատրաստման գործընթացի կազմակերպման հարցում, բացասական գնահատական տվեց նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում վարչության կողմից իրեն տրված հանձնարարության կատարման արդյունքներին եւ իրեն վստահված լիազորությունների իրացման շրջանակներում դրսեւորած գործելաոճին: Վարչությունը նաեւ քննարկեց Զոյա Թադեւոսյանի վարքագիծը` կապված կուսակցության կարեւորագույն որոշումների ընդունման ընթացքում այլ քաղաքական ուժերի ազդեցությանը եւ շանտաժին նպաստելու, վերջապես` ղեկավար մարմնի` վարչության բնականոն գործունեությունը սաբոտաժի ենթարկելու արատավոր գործելաոճի հետ»:

Վարչությունը քննարկեց նաեւ Անահիտ Բախշյանի հրաժարականի դիմումը եւ բավարարեց այն: Անահիտ Բախշյանի առաջարկությամբ վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց Արմեն Մարտիրոսյանը: Վարչության փոխնախագահ ընտրվեց Ռաֆիկ Հակոբյանը: