Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խորհրդարանում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչ է արվում քվեարկությունների ժամանակ սպաների կողմից զինվորներին ուղղորդելու փաստերը վերացնելու ուղղությամբ:
«Համապետական ընտրությունների ժամանակ հաճախ շահարկվում է այն փաստը, որ քվեարկությունների ժամանակ զինվորներն ուղղորդվում են սպաների կողմից, մինչդեռ այս նախագծում նշված է, որ զինծառայողները իրավունք չունեն պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ կուսակցությունների: Կատարվո՞ւմ են հնարավոր բոլոր միջոցառումների համալիր ներդրումն ու կանխարգելումը նման դեպքերը վերացնելու համար»,- «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավորը:
Վիգեն Սարգսյանը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ միջոցառումներ կատարվում են ներկայումս եւ դրանք շարունակական բնույթ են կրելու:




























