Սպաներ կան, որ շտաբնոյ կռիսներ են, սպաներ էլ կան, որ տարիներով մնում են առաջնագծում, ինչն անարդար է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ նշել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նա ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր չէ՞, որ ռազմական ուսումնական հաստատություն ավարտած քաղաքացուն, որը վիճակահանությամբ ընկնում է սահմանամերձ գոտի, արտոնություն տրվի կամ տարկետման կրճատում. «Սպաներ կան, որ շտաբնոյ կռիսներ են, սպաներ էլ կան, որ տարիներով մնում են առաջնագծում: Հնարավոր չէ՞, որ տարկետման ժամկետը լինի 1-2 տարի: Բացի այդ, տարբերություն չդրվի սպայական կազմի մեջ, որ մեկը մնա շտաբում, մյուսը՝ առաջնագծում, ընտանեկան հարցում պրոբլեմներ չունենան էդ սպաները»:
Ի պատասխան Կորյուն Նահապետյանն ասաց. «Մենք պետք է կարողանանք սպաների մարտական հերթապահության ներգրավման հարցում ունենալ ճշգրիտ լուծումներ, այնպիսի, որոնք որեւէ կերպ չվնասեն նրանց հետագա ծառայությանը զինված ուժերում: Յուրաքանչյուր սպայի համար պատիվ պետք է լինի առաջնագծում ծառայություն իրականացնելը, նա կոփվում է մարտական ծառայություն իրականացնելիս: Պետք է երիտաարդ սպաների նկատմամբ զգուշավոր լինենք, որոնք որեւէ կերպ չպետք է հիասթավեն իրենց գիտակցված ընտրությունից»:




























