Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, որը պարտադիր զինվորական ծառայություն չի անցել, վստահեցնում է, որ դիսկոմֆորտ չի զգում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացնելիս:
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, տարկետման իրավունքը վերացնելու վերաբերյալ այս նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ ինչու է հենց նա որպես հարակից զեկուցող ներկայացել:
«Դուք փառապանծ կարիերա եք արել, շատ լուրջ պաշտոններ եք զբաղեցրել եւ այժմ խորհրդարանի ամենակարեւոր հանձաժողովներից մեկի նախագահն եք: Եթե ձեր ժամանակ չլիներ այն հնարավորությունը, որից օգտվել եք, կհասնե՞իք այս բարձունքներին: Կարծում էի՝ նախագիծն այստեղ կներկայացներ մի մարդ, որը չի օգտվել տարկետման իրավունքից եւ 18 տարեկանում մեկնել է ծառայության: Դուք դիսկոմֆորտ չե՞ք զգում»,- Կորյուն Նահապետյանին դիմեց ընդդիմադիր պատգամավորը:
Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ ինքն իսկապես չի ծառայել բանակում երկու տարի, համալսարանն ավարտելուն պես 6-ամսյա հատուկ ուսուցում է անցել ԵՊՀ-ի ռազմական ամբիոնում, որից հետո 1 ամսի էլ ռազմական վարժանքների մասնակցել, որի արդյունքում էլ ստացել է պահեստազորի լեյտենանտի կոչում:
«Պարոն Նահապետյան, ես դա չեմ վիճարկում, ամեն ինչ օրինական է եղել, բայց ինչո՞ւ չեք առաջարկում մի բան, որից դուք ժամանակին օգտվել եք, այսինքն, ռազմական ամբիոն բացվի»,- հակադարձեց Էդմոն Մարուքյանը:
Կորյուն Նահապետյանը վստահեցրեց, որ ինքը դիսկոմֆորտ չի զգում, իսկ երկու տարվա պարտադիր զինվորական ծառայությունը չի կարող խանգարել երիտասարդների անել իրենց փայլուն կարիերան:




























