ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որը դեռեւս դեկտեմբերի 3-ին մեկնել էր ԱՄՆ՝ մասնակցելու դեկտեմբերի 6-8-ը Վաշինգտոնում տեղի ունեցած «Միացյալ ուժերով կոռոպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը գլոբալ դաշինքի միջոցով» խորագրով խորհրդաժողովին, Հայաստան է վերադարձել Վիկ Դարչինյանի մենամարտի նախօրեին: Այս մասին նշված է Աղվան Հավսեփյանի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի՝ թերթին տված պատասխանում: Նրան ուղղված հարցով «ՀԺ»-ն ցանկացել էր ճշտել, թե արդյո՞ք գլխավոր դատախազը ներկա եղել է մենամարտին եւ եթե այո, ապա ին՞չ միջոցների հաշվին:
Ըստ Տռուզյանի, Աղվան Հովսեփյանը դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ից մեկնել է Փարիզ, իսկ հաջորդ օրը Փարիզ-Երեւան չվերթով վերադարձել է Հայաստան: Թերթի մյուս հարցին, թե արդյոք ԱՄՆ կատարած այցի ընթացքում Աղվան Հովսեփյանը հանդիպե՞լ է այդ երկրի իրավապահների հետ եւ այդ տարվա հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցավոր խմբավորման գործի հետ կապված հարցեր քննարկե՞լ է, Տռուզյանը պատասխանել է. «Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ արդարադատնության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելով համագործակցությանը վերաբերող հարցեր»:
«Այլ կերպ ասած, կարելի է արձանագրել, որ ամերիկացիներն, այնուամենայնիվ, Աղվան Հովսեփյանի հետ քննարկել են հայկական հանցավոր խմբավորման գործը: Իսկ թե ամերիկացիներին կոնկրետ ինչ է հետաքրքրում՝ վաղուց է հայտնի: Հանցավոր խմբավորումը ԱՄՆ-ում գողացած գումարի մի զգալի մասը՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ, տեղափոխել է Հայաստան: Ուստի ամերիկացիներին հետաքրքրում է, թե ինչպես է դա հնարավոր դարձել, եւ ինչ է եղել իրենց երկրից գողացված գումարը»,-գրում է թերթը:




























