«Շնորհավորում եմ երեւանցիներին. քաղաքապետի պաշտոնում գողականին փոխարինելու է գալիս մաֆիոզը։ Քաղաքական որոշումն ընդունված է. քաղաքապետի պաշտոնում նշանակվելու է «ՀայՌուսգազարդի» Կարեն Կարապետյանը։ Դա նաեւ նշանակում է, որ Ռ. Քոչարյանը, այնուամենայնիվ, որոշ «կրուգներում» դեռ «ռուլիտ» է անում», երեկ երեկոյան այսպիսի գրությամբ լրատվություն հայտնվեց սոցիալական կայքերից մեկում՝ գրում է թերթը՝ շարունակելով. «Ինչ խոսք, լուրն անսպասելի էր (իսկ հեղինակը բավականին լուրջ մարդ է, եւ հենց այնպես դա չէր գրի), որովհետեւ իշխանական կուլիսներում, այնուամենայնիվ, ավելի հավանական էին համարում Տարոն Մարգարյանի՝ Երեւանի քաղաքապետ դառնալու տարբերակը։
Բայց էականն, իհարկե, Տարոն Մարգարյանի անձը չէր։ Մի քանի օր է, ինչ համառորեն լուրեր են շրջանառվում, թե ռուսներին այդքան էլ դուր չի եկել Կարապետյանի տեղափոխումը այլ պաշտոնի, ուստի նրանք պահանջել են Սերժ Սարգսյանից ձեռ քաշել Կարապետյանին քաղաքապետ դարձնելու մտադրությունից։ «Կարապետյանը մեզ գազում է պետք, եւ մենք դեռեւս մարդ չունենք, որ նրա փոխարեն նշանակենք», այսպիսի մեսիջ էր ուղարկել Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցը։ Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը կարողացել է Կարապետյանին «փոխարինող» գտնել, եւ նրա թեկնածուն ընդունելի է եղել նաեւ ռուսական կողմի համար։ Հետեւաբար՝ Կարեն Կարապետյանին քաղաքապետ դարձնելու հնարավորությունն ավելի իրատեսական է դարձել։ Ի դեպ՝ անցյալում էլ ժամանակ առ ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, թե «հեսա-հեսա» Կարեն Կարապետյանը դառնում է Երեւանի քաղաքապետ։ Ուշ գիշերին հաստատվեց, որ Կարապետյանն իսկապես նշանակվելու է քաղաքապետ, իսկ նրա պաշտոնը զբաղեցնելու է գազի վարչության նախկին պետ Վարդան Հարությունյանը։ Նա քավոր-սանիկական հարաբերություններ ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ»։




























