Վրաստանը չի կարող խզել դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ, քանի որ դրանք պարզապես գոյություն չունեն։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին ասել է Վրաստանի ԱԳՆ Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար Կախա Չիտայան՝ մեկնաբանելով Վենեսուելայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու փաստին պաշտոնական Թբիլիսիի արձագանքելու հնարավորությունը։
Նախօրեին Վենեսուելայի հիշյալ քայլին ի պատասխան՝ Վրաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել կոշտ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր, թե «վենեսուելացի դիկտատորի» այդ որոշումը Վրաստանը գնահատում է որպես «չափազանց անբարյացակամ քայլ» եւ «միջազգային իրավունքի կոպիտ խախտում»։ Վրաստանը համոզված է, որ սրանից հետո միջազգային հանրությունը ավելի կհամախմբվի Վրաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու պահանջի շուրջ։ Հայտարարության մեջ ասված է, որ «վենեսուելացի դիկտատորի որոշումը Ռուսաստանը գնել է՝ փոխարենը նրան խոստանալով փող եւ զենք։ Այդ հայտարարությունը չի արտահայտում Վենեսուելայի ժողովրդի կարծիքը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել էր, թե իր երկիրը ճանաչում է Հարավային Կովկասի նորանկախ երկրների ինքնիշխանությունը «հենց այս օրվանից»։




























