Հատուկ քննչական ծառայությունը հերքում է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործի հարուցման մասին տեղեկությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՔԾ ընդհանուր բաժնի աշխատակցուհին՝ հավելելով, որ համապատասխան բողոք չի ներկայացվել եւ հետեւապես որեւէ քրեական գործ չի հարուցվել: (Մեր զանգին պատասխանած աշխատակցուհին, ի դեպ, այդպես էլ չներկայացավ, պատճառաբանելով, թե ՀՔԾ-ն չունի մամուլի խոսնակի պարտականությունները կատարող  անձ):

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 118 եւ 131 հոդվածների հատկանիշներով՝ ծեծի եւ մարդ առեւանգելու համար:

Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանն, ըստ լուրերի,  ժամանակ առաջ առեւանգել եւ  ծեծի էր ենթարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի արարողակարգային բաժնի աշխատակից Արամ Կանդայանին: Այդ դեպքից օրեր անց Բեգլարյանը հրաժարականի դիմում գրեց: