Կառավարությունն արտահերթ նիստի միջոցով հորդորում է օրենքներն ընդունել բլից ընթացակարգով, ինչն անթույլատրելի է: Այսօր` դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա` մեծ քանակությամբ ու բոլորովին տարբեր ուղղվածությունների օրենքներն  անհնար է սեղմ ժամանակահատվածում ուսումնասիրել եւ ընդունել, ընդ որում,  օրենքների մեծ մասը չեն ունեցել անգամ հարակից զեկուցողներ:

«Ի՞նչ է նշանակում միաժամանակ եւ նույն եղանակով քննարկել «Լեզվի մասին» ու «Ընդերքի մասին» օրենքները: Դա կառավարության կողմից ուղղակի անարգո վերաբերմունք է դեպի Ազգային ժողովը»,-ընդգծեց Լ. Ալավերդյանը:

Ըստ պատգամավորի`այդուհանդերձ,  անընդունելի էր նաեւ Դաշնակցության մեթոդը` բոյկոտել ու հեռանալ: «ԱԺ դահլիճից հեռանալով` ՀՅԴ-ն ասես դաշտը թողնում է իշխանություններին` առանց պայքարի հեռանում»,-նշեց Լ. Ալավերդյանը`ավելացնելով, որ ամեն դեպքում 10 օրենք արդեն քննարկվել է, իսկ առջեւում դեռ 25-ն էլ կա: Այդ ընթացակարգով շարժվելու դեպքում, ինչպես խոստովանեց պատգամավորը,  չի բացառվում, որ «Ժառանգությունն» ամանորը դիմավորի Ազգային ժողովի դահլիճում: