«Ժառանգությունը» շատ հարցերում իշխանության հետ համակարծիք է, սակայն, երբ վերջինս ներքաղաքական շփոթ է ստեղծում, կամ Աստանայում որոշակի հայտարարություններով հանդես գալիս, մենք չենք կարող համամիտ լինել այդ քայլերի հետ»,- այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Աժ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը:
«Նախագահի ճառը, որ Լեռնային Ղարաբաղը որպես հանրապետություն կայացել է, շատ լավն էր, սակայն ո՞վ էր հարցնում իրեն, թե Հայաստանը երբ է ճանաչելու վերջինիս: Սա արդեն ավելորդ էր»,-մեկնաբանեց Լ. Ալավերդյանը՝ ընդգծելով, որ Ղարաբաղի ճանաչման պատեհ ժամանակի մասին հարցը զուտ ներքաղաքական խնդրո առարկա է:
Ըստ նրա՝ Ադրբեջանն ու միջազգային հանրությունը իրավասու են հարցադրմամբ հանդես գալ՝ եթե դուք ԼՂՀ-ն չեք ճանաչում՝ մենք ինչո՞ւ պետք է նման կերպ վարվենք: «Ցանկացած պետություն ինքն է իրեն օրինական հռչակում՝ բոլոր պետություններն էլ ինքնահռչակվում են. մեր պարագայում սրանից խուսափելն է, որ շփոթ է առաջացնում եւ Հայաստանին զարմանալիորեն հետ տանում»,-նշեց բանախոսը՝ ընդգծելով, որ այս խնդրի շուրջ են «Ժառանգության» եւ իշխանության առանցքային տարակարծությունները:





























