Պարզվում է, որ 2008 թվականի հուլիսի 11-ին «Ժառանգություն» կուսակցության համագումարում քվեարկության ընթացքում տեղի ունեցած կեղծիքները պարզելու առնչությամբ ստեղծված հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը, այն ժամանակ հանդես է եկել հատուկ կարծիքով: Այստեղ նա դեմ է հանդես եկել կեղծիքների համար մեղավորներին կուսակցությունից հեռացնելուն, ապա բացատրել իր կարծիքը. «Եթե մենք կիրառում ենք այնպիսի խիստ պատիժ, ինչպիսին կուսակցությունից հեռացումն է ապա նույն տրամաբանությամբ ինչո՞ւ այդ պատժի կիրառումը ցանկացողները նույն առաջարկ չարեցին վարչության անդամի թեկնածու Արմեն Մարտիրոսյանի համար, ով նախկինում, ՀՀ ԱԺ-ում Գլխավոր դատախազի ընտրությունների ժամանակ, լինելով „Ժառանգություն“ խմբակցության ներկայացուցիչը ընտրական հանձնաժողովում, թույլ էր տվել անփույթ մոտեցում, եւ ում „Ժառանգություն“ խմբակցությունը հետ էր կանչել ԱԺ ընտրական հանձնաժողովից»:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է հենց այն կեղծիքներին, որոնք այսօր «Ժառանգության» պառակտման առիթ են դարձել: «Ժառանգության» երկու թեւերը միմյանց են մեղադրում այդ կեղծիքների մեջ: Մեզ հետ զրույցում այդ կեղծիքների մասին խոսելով, «Ժառանգությունից» հեռացված Զոյա Թադեւոսյանը պատմեց, որ սկզբում 20 քվեաթերթիկ որոշել է լցնել Արթուր Սարդարյանը, որպեսզի համագումարը համարվի կայացած, սակայն դա կանխվել է, իսկ դրանից հետո արդեն Արմեն Մարտիրոսյանն է գրպանից հանել տրցակով քվեաթերթիկներն ու ասել. «Եկեք, գնում ենք քվեարկության»:

Իսկ Զարուհի Փոստանջյանն իր հատուկ կարծիքում հիշել է նաեւ ԱԺ-ում գլխավոր դատախազի ընտրության ժամանակ Արմեն Մարտիրոսյանի թույլ տված ընտրական խախտման մասին: Ի դեպ, Ա. Մարտիրոսյանը «Նիգ Ապարան» հայրենակցական միության անդամ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

«Եթե հնչում են կարծիքներ, որ կուսակցության վարչության անդամները չեն կարող գտնվել նույն վարչությունում՝ վարչության անդամ Արթուր Սարդարյանի հետ, և եթե նա չընդունի առաջարկը կամովին չհրաժարվի վարչության անդամությունից, ապա նրան կհեռացնեն կուսակցությունից, սա բացարձակ անընդունելի մոտեցում է և նման է „37 թվականի“ մոտեցումներին»,- իր դիմումում նշել է Զ. Փոստանջյանն ու հավելել. «Ինչ վերաբերվում է մեկ վարչության մեջ Արթուր Սարդարյանի հետ չլինելու ցանկությանը, ապա Արմեն Մարտիրոսյանի և Հայկ Գասպարյանի լինելը վարչությունում հիմք է տալիս այլ անձանց կարծելու, որ այս վարչության անդամները, նույնպես իրենց արժանի տեղում չեն: Գտնում եմ, եթե վարչության անդամ կարող են լինել Արմեն Մարտիրոսյանը և Հայկ Գասպարյանը, վարչության անդամ կարող է լինել նաեւ Արթուր Սարդարյանը, այլապես, կարծում եմ, պետք է անցկացվեն նոր ընտրություններ»: