Այսօր՝ դեկտեմբերի 15-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդու իրավունքների դեպարտամենտի մարդու իրավունքների գծով խորհրդական Օմեր Ֆիշերի հետ:

«Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ գործող օրենքը, դրանում առկա թերությունները: Ս.Սաֆարյանը մանրամասն ներկայացրել է իրավակիրառական պրակտիկայում առկա խնդիրները: Ի թիվս այլոց քննարկման առարկա է դարձել քաղաքային իշխանությունների կողմից զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումն արգելող որոշումները վարչական դատարանում օբեկտիվորեն չքննարկվելու վերաբերյալ «Ժառանգության» մտահոգությունները:

Ս. Սաֆարյանը ներկայացրել է, որ վարչական դատարանը գրեթե միշտ ուժի մեջ է թողնում տեղական ինքնակառավարման մարմինների նույնիսկ ակնհայտ ապօրինի որոշումները: Բացի այդ, ներկայացվել է նաեւ, որ օրենքը կիրառելիս քաղաքապետարանները` հրապարակային զանգվածային  միջոցառումների մասին իրազեկումները դիտարկում են որպես թույլտվության հայցում եւ ոչ ի գիտության ընդունման առարկա, ինչպես դա ենթադրվում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքով:

Խորհրդական Ֆիշերն իր հերթին, նշել է, որ տեղյակ է դեկտեմբերի 21-ին «Ժառանգություն» կուսակցության  ավտոերթ անցկացնելու նախաձեռնությանը, եւ որ վերջինիս մասին իրազեկում է ներկայացվել Երեւանի քաղաքապետարանին: Հանդիպման ընթացքում պարոն ֆիշերը տեղեկացրել է նաեւ, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետները իրականացնում են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին»  օրենքի կիրառման մոնիտորինգ: Ֆիշերը հույս է հայտնել, որ նշված մոնիտորինգի իրականացումը  կարող է օգնող հանգամանք հանդիսանալ օրենքի օբյեկտիվ կիրառման տեսանկյունից: