Պերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտում թթվածնային քաղցի պատճառով վերջերս մահացած նորածնի գործի քննության ավարտին ՀՀ Առողջապահության նախարարը նույն ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին հանձնարարական է տվել աշխատանքից ազատել երեխայի մահվան մեջ մեղավոր բժիշկ Դավիթ Աբովյանին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ինքը՝ Պերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրենը։
Նրա խոսքով, բժշկին աշխատանքից ազատելու նախարարի որոշումն ուժի մեջ է մտել արդեն այսօրվանից՝ դեկտեմբերի 15-ից։ «Ես, իհարկե, ներկա չեմ եղել նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի երեկ չէ առաջին օրը տեղի ունեցած քննարկումներին եւ Դավիթ Աբովյանի հետ զրույցին, սակայն բժշկին աշխատանքից ազատելու կարգադրություն նախարարն ինձ տվել է հենց այդ օրը»,- պարզաբանեց Ռազմիկ Աբրահամյանը։
Նորածնի հայրը՝ Ալբերտ Աբգարյանն իր հերթին ավելացրեց, որ երեխայի մահվան մեջ մեղավոր բժիշկն, անշուշտ, պետք է պատժվի։ «Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, ինչը ենթադրում է բժշկի կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարում, որն էլ առաջացրել է տուժողի մահ։ Այս հոդվածը նախատեսում է 2-6 տարի ազատազրկում, ինչպես նաեւ 3 տարի ժամկետով մասնագիտական պարտականությունները կատարելու իրավունքից զրկում»,- պարզաբանեց Ալբերտ Աբգարյանը։
Ամփոփելով՝ նա նշեց, որ գործին առնչվող առավել շատ մանրամասներ կպարզվեն նախաքննության եւ դատաբժշկական փորձաքննության արդյունքների ստացման ընթացքում։
Նշենք, որ նոյեմբերի 22-ինՊերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտում լույս աշխարհ եկած եւ ծնվելուց 4 օր անց թթվածնային քաղցի պատճառով մահացած երեխայի ծնողները՝ Ալբերտ Աբգարյանը եւ Ծովինար Ղամբարյանը, իրենց նորածնի մահվան մեջ մեղադրում են իստիտուտի բժիշկներին։ Երեխայի մայրը, մասնավորապես, պնդում է, որ եղել են կեսարյան հատում կատարելու բոլոր ցուցումները, որոնք ծնունդն ընդունող բժշկի կողմից, սակայն, հաշվի չեն առնվել։
Անի Ղազարյան




























