Դեկտեմբերի 15-ին կայանալու է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ՝ ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որի ընթացքում էլ կորոշվի Երեւանի ապագա քաղաքապետի անունը:
Նշենք, որ Երեւանի ավագանին դեկտեմբերի 17-ին նիստ է գումարելու եւ ընտրելու է մայրաքաղաքի քաղաքապետին:
NEWS.am-ի հավաստի աղբյուրներով, Երեւանի քաղաքապետ է ընտրվելու «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահ Կարեն Կարապետյանը: Ավելի վաղ շրջանառվում էր եւս երկու թեկնածուի՝ փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ավագանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանի անունները, սակայն որոշումէ կայացվել, որ քաղաքապետ կընտրվի Կարեն Կարապետյանը:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, երբ հայտնի էր դարձել, որ նա ծեծի է ենթարկել նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:





























