«ԱրմենՏել»-ը beeline.am կայքում «Օնլայն խորհրդատու» նոր ծառայություն է գործարկել, որի միջոցով հաճախորդները կարող են օպերատորների հետ օնլայն ռեժիմում կապ պահպանել եւ տեղեկատվություն ստանալ չաթի միջոցով։ Այս մասին դեկտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց «ԱրմենՏել» ընկերության հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանը։ Ըստ նրա՝ http://onlineconsultant.beeline.am/index.html հասցեով այցելելով, հաճախորդները կարող են ուղղել «ԱրմենՏելի» աշխատակիցներին իրենց հարցերը:
«Հարցերը նախկինում ԱրմենՏելի բաժանորդները կարող էին ուղղել միայն 0611 համարին զանգահարելով, սակայն տեխնիկական խնդիրներին առնչվող թեմաներ քննարկելիս տեքստային շփման օնլայն տարբերակը ավելի է հեշտացնում գործը»,-ասաց Մովսիսյանը։
«ԱրմենՏելի» մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ նոր ծառայությունը նորարարական է ոչ միայն հայաստանյան օպերատորների շրջանում, այլեւ ողջ Վիմպելկոմ ընկերություների խմբի համար:
«ԱրմենՏել»-ն առաջինն է գործարկել ծառայության այս տարբերակը, եւ հաջողության դեպքում կփոխանցի փորձը ընկերությունների խմբի մյուս անդամների»,- նշեց Բեղլոյանը՝ ավելացնելով, որ «Օնլայն խորհրդատուն» մասամբ կթուլացնի «ԱրմենՏելի» սպասարկման 0611 համարի գերծանրաբեռնվածությունը։
Բեղլոյանը հավաստիացրեց, որ «Օնլայն խորհրդատու»-ում աշխատանքը կարգավորում են մարդիկ, եւ ոչ ծրագրային ռոբոտները։
Նշենք, որ Հայաստանում գործող ոչ մի օպերատոր դեռեւս չունի նման ծառայություն, ինչը հատկապես ինտերնետ օգտագործողի համար ամենանպատակահարմար կապի միջոցն է իր օպերատորի հետ։ Ցանկացած ինտերնետ օգտագործող տեղյակ է, որ կապի խափանման դեպքում համակարգչի էկրանին հաղորդագրություն է երեւում, որը չաթի դեպքում հնարավոր է տեքստով պարզապես ուղարկել, իսկ այ զանգի միջոցով ավելի հեշտ նյարդեր քայքայել է ստացվում, քան ինտերնետ մատակարարին բացատրել խնդիրը։




























