Ադրբեջանի «Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Գյուլեր Ահմեդովը քննադատել է Իգդիրի համալսարանի նախաձեռնությունը, որով նախատեսվում է բացել հայոց լեզվի եւ գրականության բաժին եւ Հայաստանից դասավանդող հրավիրել։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի պատգամավորն Իգդիր կատարած այցի ընթացքում անհաջող նախաձեռնություն է որակել Իգդիրի համալսարանի նախագիծը։ «Հայ դասավանդողները թուրք երիտասարդներին թշնամությունից բացի ի՞նչ կարող են տալ։ Հայաստանի համալսարաններում թուրքերենի բաժին ոչ թե կբացեն, այլ նունիսկ դրա մասին չեն խոսի»,-նշել է ադրբեջանցի պատգամավորը։
Փաստորեն, ադրբեջանցի պատգամավորը Իգդիրում շատ լավ ցույց է տվել ադրբեջանական կողմի անհանդուժողական եւ ատելությամբ լցված վերաբերմունքը հայերի նկատմամբ։
Նշենք, որ ադրբեջանցի պատգամավորն իր հայտարարության մեջ ցույց է տվել, որ իր կույր ատելության պատճառով տեղյակ չէ անգամ, որ Հայաստանի համալսարաններում գոյություն ունեն թուրքագիտության բաժիններ։
Հիշեցնենք, որ Իգդիրի համալսարանի ռեկտորն օրեր առաջ հայտարարել էր, որ 2011-ից իրենց մոտ բացվելու է հայոց լեզվի եւ գրականության բաժին, որի համար ցանկանում են հայաստանցի մասնագետ հրավիրել։ «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի հետ սահմանը բացվի»,-շեշտել էր ռեկտորը։





























