Դեկտեմբերի 15-ին Մոսկվայի ոստիկանությունն ավելի քան 100 մարդու է ձերբակալել, ում մոտից առգրավել է զենքեր եւ դանակներ: Հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հայտնել է Ռուսաստանի ՆԳ գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Վիկտոր Բիրյուկովը, մայրաքաղաքում իրավիճակը հանգիստ է ու գտնվում է իրավապահ մարմինների հսկողության ներքո: «Ոստիկանությունը, ներքին գործերի զինծառայողների հետ, հերթապահություն է իրականացնում  քաղաքի տարբեր հատվածներում»,-ասել է Բիրյուկովը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, դեկտեմբերի 15-ին ազգայնականները նախատեսել էին միջոցառումներ կազմակերպել, իսկ Ռուսաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացոիցիչները խոստացել էին վրիժառության քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան դեկտեմբերի 11-ի ռուս ազգայնական երիտասարդության ջարդարարության:

Ռուսաստանում հայերի միությունը հայերին կոչ է արել չենթարկվել սադրանքների եւ չմասնակցել կովկասցիների ձեռնարկումներին: Դեկտեմբերի 13-ին էլ Կրասնոդարում մի խումբ երիդասարդներ, հարձակվելով հայ անչափահասի վրա, դանակի 12 հարված են հասցրել: Բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար: