Երուսաղեմի Հայկական պատրիարքարանը վերջերս բողոք է հայտնել հայ երկու ճեմարանականների արտաքսման վերաբերյալ Իսրայելի ԱԳՆ-ի ընդունած որոշման կապակցությամբ,- հաղորդում է ԱՄՆ հայ համայնքի «Ասպարեզ» թերթը։ Ճեմարանականները կռվի են բռնվել երիտասարդ հրեայի հետ այն բանից հետո, երբ վերջինս թքել է իր կողքով անցնող կրոնական թափորի ուղղությամբ։

Պատրիարքարանի մամլո քարտուղար, հայր Բագրատ Բուրժեկյանը նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ քրիստոնեա հոգեւորականության ներկայացուցիչները ենթարկվում են ոչնչով չհրահրված ագրեսիայի հրեաների կողմից։ Բուրժեկյանն ընդգծել է նաեւ, որ նման թշնամական դրսեւորումների են ենթարկվում ոչ միայն հոգեւորականությունը, այլ նաեւ խաչ կրող հայկական համայնքի մյուս ներկայացուցիչները։

Իսկ ինչ վերաբերում է ճեմարանականների հետ կատարվածին, ապա այն տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին, երբ նրանք սբ. Հովհաննես մենաստան էին վերադառնում սբ. Հարության տաճարում մատուցած պատարագից հետո։ Երբ թափորն արդեն մոտեցել է մենաստանին, ծայրահեղականորեն տրամադրված հրեան թքել է թափորի ուղղությամբ։

Ծեծկռտուքի արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է հայ ճեմարանականներին՝ մեկ օր պահելով նրանց։ Այնուհետեւ տեղեկացրել է հայոց պատրիարքարանին, որ գործը կհասնի դատարան, որից հետո հայտարարվել է, որ երկրի ՆԳՆ-ն որոշել է արտաքսել ճեմարանականներին։ Ճիշտ է, հետո փոխել է իր որոշումը…

Բագրատ Բուրժեկյանը նշել է, որ նման դեպքերը վերջին մի քանի տարիներին պարբերական բնույթ են կրում, սակայն իրավապահ մարմինները աչք են փակում դրա վրա։ Դեռ ավելին, ըստ հոգեւորականի, Իսրայելի ՆԳՆ-ն հետաձգում է Լիբանանում, Սիրիայում ու Հորդանանում ծնված հայ վանականների մուտքի թույլտվության ժամկետի երկարաձգումը՝ հոգեկան ու ֆիզիկական մեծ ցավ պատճառելով նրանց։

Բուրժեկյանը լուրջ ու հիմնավոր կասկածներ ունի, որ հայ հոգեւորականության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ու ագրեսիա ցուցաբերելը կարող է աճել ու տարածվել արդեն եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների եւ բարձրաստիճան այլ եկեղեցականների վրա։

Մեզ էլ մնում է միայն ցավ հայտնել ուղղահավատ հրեաների՝ քաղաքացիների ու պաշտոնյաների, գործողությունների կապակցությամբ։ Իսկական կրոնականության մասին վկայում են ոչ թե կեղծավոր խոսքերը, այլ մարդու զգացմունքներն ու գործողությունները։ Ոչ մի կասկած չկա, որ երիտասարդ հրեան, որը թքելու ժամանակ կրել է հրեական ավանդական թասակ, կանոնավոր կերպով հաճախում է սինագոգ եւ աղոթում է։ Սակայն, եթե նա փորփրի հնգամատյանը, որը, ամենայն հավանականությամբ, շատ է հարգում (խոսքերով), ապա ոչ մի տեղ Մովսեսի օրենքում չի գտնի դրույթներ, որոնք պատվիրում են անհանդուրժողականություն ու գռեհկություն ցուցաբերել այլ հավատքի ներկայացուցիչների նկատմամբ։