«Էրեբունի» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 1-ին մահացած 20-ամյա  Զարուհի Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է: Պարզվել է, որ նրա մահվան պատճառ է հանդիսացել գանգուղեղային տրավման, իսկ մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի զինդատախազության Եղեգնաձորի կայազորի զինդատախազ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ ըստ նախաքննության ընթացքում ձեռք բերված ցուցմունքների՝ Պետրոսյանը պարբերաբար ծեծի է ենթարկվել ամուսնու՝ Յանիս Սարկիսովի կողմից: Դեպքի օրը՝ սեպտեմբերի 26-ին եւս, ականատեսների վկայությամբ, նա դաժան ծեծի է ենթարկել Պետրոսյանին, որի հետեւանքով  առաջացել են հիշյալ վնասվածքները, որոնցից գանգուղեղային վնասվածքը հանդիսացել է մահվան պատճառ:

Նշենք, որ Յանիս Սարկիսովին առաջնային մեղադրանք է առաջադրվել եւ նա  որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ: Հոդվածը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում):

«Մենք ունենք բավարար ապացույցներ, որ Պետրոսյանի մահվան հարցում մեղավոր է ամուսինը»,-նշեց դատախազը: Հարցին, թե արդյոք ապացուցվե՞լ է այլ անձանց հանցակցությունը Պետրոսյանին ծեծի ենթարկելու գործում, մասնավորապես՝ նրա սկեսրոջ՝ Լիլիայի մասով, Սարգսյանը պատասխանեց. «Լրատվամիջոցները բազմաթիվ բաներ են գրում այդ մասին: Մենք այդ հրապարակումների հետքերով գնում ենք եւ պատի ենք հանդիպում, չի հիմնավորվում այդ կնոջ մասնակցությունը ծեծին: Եթե նույնիսկ դա իրականությանը համապատասխանում է, մենք այս պահին դա հիմնավորող որեւէ փաստ չունենք: Այդ կինը եղել է ոչ իրավական տերմինով ասած՝ ընտանեկան խառակիչ, բայց դա հանցագործություն որակել հնարավոր չէ: Գործի ուսումնասիրությունից, Պետրոսյանի ընկերուհիների եւ հարեւանների ցուցմունքներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա չի ընդունել հարսին»: Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ Զարուհի Պետրոսյանը ընկերուհիներին պարբերաբար պատմել է ամուսնու վարքագծի մասին, սակայն սկեսրոջ մասին ոչինչ չի ասել:

Նշենք, որ գործով նշանակվել է նաեւ ձեռագրաբանական փորձաքննություն, որի արդյունքները նույնպես առայժմ չեն ստացվել: Խոսքը Զարուհու՝ մահվանից առաջ գրած նամակի փորձաքննության մասին է, որում երիտասարդ կինը խնդրում է իր մահվան հարցում ոչ մեկին չմեղադրել: Այդ գրությունն, ինչպես պնդում  են Զ.Պետրոսյանի հարազատները, նրան ստիպել են գրել սկեսուրն ու ամուսինը: Ուշագրավ է, որ գրությունն աղավաղված ձեռագրով է, քանի որ Պետրոսյանի մատներն այն գրելու պահին կոտրված են եղել:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ նախաքննությունը շուտով կավարտվի, իսկ դատարանում մեղադրանքը պաշտպանելու է հենց ինքը: Նա նաեւ հույս հայտեց, որ արդար դատաքննություն տեղի կունենա, եթե որեւէ բան չխանգարի հետագայում: «Խանգարել ասելով ես նկատի ունեմ առողջական եւ աշխատանքային հարցերը»,-հստակեցրեց դատախազը:

Ի դեպ, NEWS.am-ը հետաքրքրվեց, թե, արդյոք, նախաքննությանը խանգարելու փորձ եղե՞լ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զարուհի Պետրոսյանի քույրը՝ Հասմիկը NEWS.am-ին ավելի վաղ պատմել էր, որ Յանիսը պարբերաբար ծեծել է կնոջը եւ հոխորտացել է, որ «իր դեմ խաղ չկա, քանի որ իր մորաքրոջ տղան Էջմիածնում զինվորական գծով բարձր պաշտոն է զբաղեցնում»:

«Մենք փորձել ենք ճշտել Էջմիածնում նման գեներալի գոյությունը, այսպիսի մարդ չկա: Եւ բացի այդ՝ թողեք մեծամտանամ, ես այն մարդկանից չեմ, որ կարողանան ազդել ինձ վրա: Ամենայն ազնվությամբ եմ ասում՝ ցանկացած մեծ եւ փոքր, ծանր եւ  թեթեւ հանցանքների համար մեզ բազմաթիվ մարդիկ են դիմում: Յանիսի դեպքը բացառություն է եւ ոչ ոք մեզ չի դիմել: Անգամ նրա պաշտպանը, բացի իր գործողություններից մինչեւ հիմա մեզ առանձին չի հանդիպել»:

Նշենք, որ Յանիս  Սարկիսովը պայմանագրային զինծառայող է, նա այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հարկ է նկատել, որ անհայտ է Զարուհու եւ Յանիսի մանկահասակ դստեր ճակատագիրը: Ըստ Պետրոսյանի հարազատների պնդումների՝ երեխան այժմ գտնվում է տատի՝ Լիլիա Սարկիսովայի մոտ: Պետրոսյանի հարազատները դիմել են պատկան մարմիններին՝ երեխայի նկատմամբ խնամակալություն ստանձնելու համար:   

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Նույն օրը, Զարուհի Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հոկտեմբերի 1-ին, ժամը 3-ին մահացել էր:

 

Հեղինե Մանուկյան