Այն, որ Ռուսաստանը Նիկարագուայից բացի, գտել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչող եւս մի երկիր, ցույց է տալիս, թե որքան մեկուսացված է այդ տեսակետը։ Ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին՝ մեկնաբանելով Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսի երեկվա այն հայտարարությունը, թե իր երկիրը կճանաչի մինչ այժմ Ռուսաստանի ու Նիկարագուայի կողմից ճանաչված Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը։

Ըստ Քրոուլիի, Վաշինգտոնն առաջվա պես Աբխազիան ու Հարավային Օսիան համարում է Վրաստանի մաս՝ առանձնակի նշանակություն չտալով այդ հարցի առնչությամբ Վենեսուելայի դիրքորոշմանը։

«Ինչպես եւ աշխարհի երկրների գերակշիռ մեծամասնությունը, մենք առաջվա պես Աբխազիան ու Հարավային Օսիան համարում ենք Վրաստանի մաս։ Մենք կարծում ենք, որ նրանց անկախության ճանաչումը չի լուծի առկա խնդիրները»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ նշելով, որ ներկայումս ստեղծված իրավիճակը սկզբում հարկավոր է կայունացնել, իսկ հետո արդեն դյուրին դարձնել Վրաստանին երկու երկրների վերաինտեգրումը։