Դեկտեմբերի 17-ին Երեւանում Հայաստանում ԵՄ պատվիրակությունում տեղի կունենա «Ճամպրուկ» միգրացիոն ոլորտի լրագրողական ամենամյա մրցանակաբաշխությունը:
Միջոցառումը նվիրված է Միգրանտների միջազգային օրվան եւ իրականացվում է «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում:
Մրցանակաբաշխության հիմնական նպատակն է քաջալերել բոլոր այն լրագրողներին, ովքեր իրենց գործունեության ընթացքում անդրադարձել են միգրացիայի հիմնախնդրին եւ իրազեկել հասարակությանը: Այս ոլորտում լրագրողների կարողությունների զարգացման նպատակով ծրագրի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու եւ Կոտայքի մարզերում կազմակերպվել են մարզային մեդիա-արշավներ, ինչպես նաեւ միջազգային փորձագետի կողմից անցկացվել է սեմինար-դասընթաց:
Հայաստանում Եվրոպական պատվիրակության դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը եւ ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի Ծրագրի համակարգող Գայանե Արսենյանը հանդես կգան ողջույնի խոսքով:
Մրցանակաբաշխության հայտերն ընդունվել են 3 անվանակարգերում` Լավագույն հեռուստանյութ, լավագույն ռադիոնյութ եւ հրապարակում:
Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար ընդհանուր առմամբ ներկայացվել է 25 հայտ, որից 12-ը` Երեւանից, 12-ը` ՀՀ մարզերից եւ 1 հայտ արտերկրից: Ներկայացված հայտերից 16-ը եղել են տպագիր եւ ինտերնետային մամուլ, 6-ը` հեռուստատեսային, իսկ 3-ը ռադիոհաղորդումներ են: 9-ը հայտ ներկայացրած լրագրողներ մասնակցել են ծրագրի շրջանակներում մարզերում կազմակերպված մեդիա-արշավներին: Նախորդ տարվա համեմատ այս տարի մրցանակաբաշխությանը ներկայացվել է 7-ով ավելի հայտ:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի նպատակներն են`
• Կանխել Հայաստանի քաղաքացիների ապօրինի միգրացիան
• Վերաինտեգրել վերադառնալ ցանկացողներին
• Նվազեցնել Հայաստանից միգրացիայի պատճառները
Ծրագրի նպատակն է աջակցել Հասյաստանում պետական եւ ոչ պետական մարմինների միգրացիոն հոսքերի կառավարման բարելավմանը եւ ներգրավել Հայկական Սփյուռքին` միգրացիայի կանխարգելման գործում:
Ավանդական դարձած այս միջոցառումը կազմակերպիչները պլանավորում են նշել ամեն տարի Միգրանտների միջազգային օրը «Ճամպրուկ» լրագրողական մրցանակաբաշխությամբ:





























