Մինչեւ պաշտոնապես կհայտարարվի, թե ով է լինելու Երեւանի հաջորդ քաղաքապետը,նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին պատկանող որոշ ձեռնարկություններում ստուգումներ է սկսել պետական եկամուտների կոմիտեն: Թերթը գրում է, որ ըստ Բեգլարյանի մերձավոր շրջապատից ստացած տեղեկությունների, նախկին քաղաքապետի թիկնապահներին հերթով տանում են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչություն, որտեղ ժամերով հարցաքննում են:

Երեկ «ՀԺ»-ն ՊԵԿ է ուղարկել հետեւյալ հարցերը. «մենք տեղեկություն ենք ստացել այն մասին, որ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել  Գագիկ Բեգլարյանին պատկանող Հայկական շուկայում՝ Գումի շուկայում,ինչպես նաեւ Բեգլարյանին պատկանող «Մետաքս» տաքսի ծառայությունում: Խնդրում ենք մեզ տեղեկություն հայտնել, թե ինչ խախտումներ են հայտնաբերվել եւ ինչ պատժամիւջոցներ կարող են կիրառվել այդ խախտումների դեպքում: Խնդրում ենք նաեւ հայտնել, թե Բեգլարյանին պատկանող էլ ո՞ր հաստատությունում է ՊԵԿ-ը ստուգումներ անցկացնում կամ նախատեսում անցկացնել»: Թերթը ստացել է հետեւյալ պատասխանը. «ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում պարբերաբար ստուգումներ է անցկացնում տնտեսական գործունեություն իրականացնողների մոտ՝ անկախ գործունեության ոլորտից: Նման ստուգումները շարունակական բնույթ են կրում»: Մի խոսքով,ՊԵԿ-ն, ըստ էության, հաստատում է, որ սկսել է ստուգել Գագիկ Բեգլարյանին պատկանող ընկերությունները»,-գրում է թերթը: