Թերթի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, առաջիկայում կառավարության կազմում նոր փոփոխություններ են սպասվում. Սերժ Սարգսյանը մտադիր է պաշտոնանկ անել մի քանի նախարարի՝ վատ աշխատելու եւ վարկաբեկված լինելու համար։ Առայժմ հստակ չէ՝ այդ նախարարներին պաշտոնանկ կանի մինչեւ Ամանո՞ր, թե՞ դրանից հետո։ Սակայն հայտնի են նախարարների անունները՝ բնապահպանության նախարար ՀՀԿ-ական Արամ Հարությունյան, Էկոնոմիկայի նախարար ՀՀԿ-ական Ներսես Երիցյան եւ ՕԵԿ-ական գյուղնախարար Գերասիմ Ալավերդյան։

Ըստ «Ժամանակ»-ի աղբյուրների՝ հիմա ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը փորձում է ամեն գնով համոզել Սերժ Սարգսյանին, որպեսզի Գերասիմ Ալավերդյանին խնայի։ Ի դեպ, Գերասիմ Ալավերդյանին ու նրա ղեկավարած նախարարությանը կառավարության նիստերից մեկի ժամանակ խիստ քննադատել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը։